Ըստ պաշտոնական հրապարակման, հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը իջել է 1սմ-ով, և այժմ նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11 սմ-ով։ Թե՝ որն է հիշյալ խնդրի գլխավոր պատճառը, Yerevan. Today-ը զրուցել է բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ։
«Սևանա լճում ունենք շատ տխուր վիճակ, որովհետև, նախ և առաջ, ունենք կլիմայի փոփոխության զգալի ազդեցություն ջրային ռեսուրսների վրա և դա նկատելի է՝ Սևանա լճի և ջրի որակի մակարդակի իջեցման առումով։ Գրեթե 4 ամիս է՝ մենք չենք տեսել անձրև։ Գիտնականների հաշվարկով, հասկանում ենք, որ Սևանի բալանսը, որը պետք է ապահովի մինչև 170 մլրդ խորանարդ մետր ջրառը, արդեն իսկ ճիշտ թիվ չէ, որովհետև կլիմայի փոփոխության, ոչ ճիշտ ջրային ռեսուրսներ կառավարման հետևանքով ունենք լրիվ ուրիշ բալանս և հասկանում ենք, որ պետք է փոխենք ադ թիվը, պետք է նոր հաշվարկներ անել։ Այդ հաշվարկի մասին դեռևս խոսում են միայն գիտնականները, բայց պետք է խոսեն նաև այն մարդիկ, որոնք ընդունում են որոշումներ, որովհետև սա շատ լուրջ խնդիր է և այդ խնդրով պայմանավորված է նաև Սևանա լճի ջրի աղտոտումը, ջրիմուռների ծաղկումը և այլն։ Սա իրոք լուրջ խնդիր է, որոհետև պարզ է, որ Սևանա լիճը թունավորված է և շարունակում է թունավորվել, և եթե չկանգնեցնենք այդ պրոցեսը կարճ ժամանակահատվածում Սևանա լիճը կվերածվի մեծ ճահիճի»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե՝ վերջին անգամ ե՞րբ ենք ունեցել Սևանա լճի այսպիսի ցածր մակարդակ, բնապահպանը նշեց․ «Նման ցածր մակարդակ ունեցել ենք, երբ Սևանա լճի ջուրն օգտագործվում էր ցուրտ ու մութ տարիներին՝ Սևան-Հրազդան կասկադի համար։ Դրանից հետո լիճը, իհարկե, սկսել է բարձրանալ։ Լիճը բարձրանում է բնական ճանապարհով , իսկ մենք արհեստական այդ մակարդակը իջեցնում ենք, քանի որ մեր վերցրած ջրառը չի համապատասխանում բալասին, պետք է շատ շուտ փոխենք ջրառի ծավալը»։
«Մենք պետք է չխանգարենք Սևանա լճի մակարդակի բարձրացմանը․ պետք է ճիշտ կառավարենք ռեսուրսները, կանխատեսենք և այդ կանխատեսումները կան։ Մենք չունենք մաքրման կայաններ Սևանում, այսինքն մաքրման կայանները ներկայում 4-ն են ու մեխանիկական են, և հրատապ անհրաժեշտություն է կառուցել այնպիսի մաքրման կայաններ, որոնք կապահովեն լճի մաքրությունը։ Սևանա լճի ջրի մաքրման հարցը սուր է դրված․․․ Տարբեր մասնագետներ առաջարկում են կառավարությանն իրենց մեթոդները, և կառավարությունն այդ մեթոդոլոգիան պետք է ընդունի, դրա հետ մեկտեղ՝ ջիմուռներից լիճը մաքրելու մեթոդոլոգիան։ Պետք է շատ լուրջ հասկանանք, գիտնականներն ինչ են առաջարկում, մասնագետներն ինչ են առաջարկում և վերջապես լուծենք այդ խնդիրը», -ասաց մեր զրուցակից բնապահպանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր սենսացիայի մասին, թե՝ Սևանա լիճը հասնում է վերջին 60 տարվա ամենաբարձր մակարդակին, բայց իրականում ամենացածր մակարդակում է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը